ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Հայի գենետիկ կոդն ու խաղաղասիրական ծրագրերը

Հայի գենետիկ կոդն ու խաղաղասիրական ծրագրերը
14.02.2021 | 17:58

«Հայրենապաշտությո՛ւն . մարդկային առաքինությունների թագն ու պսակն է, մարդկային բարոյական հատկությունները իր մեջ միացնող գերագույն առաքինությունն է,ազգերի գոյության անհրաժեշտ պայմանը և անսպառ աղբյուրը նրանց ուժի և մեծության։ Նա այնքան ջերմ է մի ժողովրդի մեջ, որքան փոքր է այդ ժողովուրդը և որքան անբարիշտ են նրա հարևանները»։


Գարեգին Նժդեհ

Գենետիկա՝ գիտություն և առեղծված: Երբեմն նաև՝ անպեղելի տիրույթներ ու հրաշքների շտեմարան: Ես հավատում եմ գենետիկ հիշողությանը: Քրոմոսոմների ուսումնասիրությամբ թող զբաղվեն մասնագետներն ու գիտնակաները, ինչպես որ ռազմավարության արվեստի տեխնիկայով՝ համապատասխան ոլորտի մասնագետները: Հայացքս ուղղված է «հայ զինվոր» երևույթին: Հասկանալու համար այն, թերևս պահանջվում է այդ երկու (գուցե և ավելի) ոլորտների խորը մասնագիտական դիտարկումները:


Պատերազմ է: Մարտակոչ: Հայրենիքը իրական վտանգի տակ է: Թուրք բաշիբոզուկը կրկին արթնացել է: Քնե՞լ էր արդյոք… Նենգորեն թաքստոց էր մտել՝ հարձակման համար հարմար պահ որսալու: Ցնծում էր՝ ներքին երկպառակությունների պիկ, սևերի ու սպիտակների բաժանարար գիծ, ատելության գեներացված քարոզ, բանակի ու նրա գործիչների համակարգված հեղինակազրկում, կորոնավիրուսի բարձր ցուցանիշներ… Մի՞թե թշնամու երազած իրավիճակը չէր սա: Անտեսանելի պատերազմը թուրքը սկսել էր ավելի վաղ, երբ եվրոպական ու ամերիկյան կասկածելի ծագման բարձրագոչ, մարդասիրական ձևակերպումներով փաթեթավորված խաղաղասիրական ու հաշտեցման զանազան ծրագրեր էր տիրաժավորել մեր երկրում՝ մեկը մեկից վսեմափայլ ու բարոյական կարգախոսներով, որոնց մատուցած խաղաղ կուտը ուտում էին հայ երիտասարդները՝ իմացյալ և ոչ իմացյալ: Խաղաղությու՞ն, դե իհա՛րկե, էլ ուրիշ ի՞նչ… Պատերա՞զմ՝ օ՜, ո՛չ, անշուշտ ո՛չ… Ռազմահայրենասիրական դաստիարակությու՞ն՝ մեր օրերու՞մ, ամո՛թ է «… «Հայու գե՞ն»՝ ծաղրե՛լ, ծաղրե՛լ մինչև վերջ… Կարելի է մտածել, թե Հայաստանում գոյություն ունի գեթ մեկը, որ չի ուզում խաղաղություն կամ մեկը, որի երազանքը պատերազմն է ու իր եղբայրներին ու ընկերներին զոհված տեսնելը: Հարկավոր էր ընդամենը գիտակցել, որ Հայաստանը վերջերս չի ձևավորվել, և դուք էլ հեծանիվ չեք հայտնագործել, թե՝ գիտե՞ք, խաղաղությունը լավ բան է: Խաղաղությո՞ւն ես ուզում՝ պատրաստ եղիր պատերազմի, հաշվի են նստում ուժեղի հետ:
Այդ ու՞մ շռայլ ֆինանսավորմամբ ու պատվերով էին սնկի պես աճում այդ կազմակերպությունները՝ ամրապնդվելով որպես առաջադիմության մունետիկներ:

Միլիոնավոր դոլարներ-եվրոներ են ծախսվել՝ հայ-ադրբեջանական սեմինարներ, «վստահության կամուրջներ», «երկխոսություններ»... Իսկ ինչքա՜ն գումար և քարոզչություն է ուղղորդվել Հայաստանի «ապառազմականացման» ծրագրերի համար... Վաղեմի անցյալում չէր, երբ ազգ-բանակ կոնցեպցիայի դեմ պայքարելու համար դրամաշնորհներ էին բաժանվում։
Բախտ չունեցանք քաղաքակիրթ թշնամի ունենալու: Այսօր լոկ նրա արտաքին փաթեթավորումն է փոխվել, բայց ինչպես դարեր առաջ, այնպես և այսօր, նա միայն սրի և ուժի լեզուն է հասկանում: Եվրոպացին թող գնա իր խաղաղասիրական ծրագրերը թուրքին հրամցնի, իմ սիրելի՛ հայորդի, դա մեզ համար չէ, մենք երբեք չենք հարձակվում, երեխայի կամ անպաշտպան ծերի չենք խոշտանգում, կանանց չենք անարգում, մենք իրական քրիստոնյա ենք: Այնպես որ, մի՛ խաբիր ինքդ քեզ, թե մարդասիրական գործ ես անում, հրաժարվի՛ր այդ գայթակղիչ ծրագրերից, որոնք այսօր ճշգրտորեն ցուցանեցին իրենց ոչ հասցեական և սնամեջ լինելը, նույն ոգեշնչումով մատնացույց արա՝ որտեղ ուղղել դրանք: Այսօր դու հեկեկում ես քո եղբոր, ընկերոջ, բարեկամի դիակի առջև: Անսփո՜փ է ցավդ ու դա նաև իմ ցավն է: Ո՞ւմ համար էին խաղաղասիրական կոչերը՝ ինքներս մե՞ր… Քո եղբայրը, ընկերը, բարեկամը, որը նաև իմն է, գնացել էր պաշտպանելու քեզ բարբարոսի հարձակումից, չգնա՞ր: Գնացել էր, որ թուրքը չհասնի քեզ, չոչնչացնի քո տունը, չպաշտպանե՞ր: Ո՞ւմ համար էին այն միջոցառումները, ակցիաները. իր խաղաղ տունը տեռորիստից պաշտպանողի՞, թե՞ երկրի երեսից քեզ ջնջել երազող թուրք-ֆաշիստի: Այդ նույն Եվրոպան հիմա լուռ է: Լավագույն դեպքում՝ երկկողմանի կոչեր է անում կամ «խորապես մտահոգված է»:

Նա չի հասկանա քո ցավը, որ բյուրապատիկ իմն է նաև, որովհետև ես գիտեի՝ ինչ կա դրա ետևում, մինչ դու չէիր ուզում լսել այդ մասին: Երբ դեռ երեկ քննարկվում էր հայրենասիրական թեմաների նվազեցման հարցը մեր կրթական օջախներում, երբ անգամ հնչեցվեց «Զարկի՛ր շուն թուրքին« երգի բռնության կոչ պարունակելու միտքը պետական բարձր ամբիոնից, երբ քննարկվում էր «Ռազմագիտություն« առարկան հանելու հարցը, երբ հաշտեցման ծրագրերի շրջանակում հայազգի նորելուկ պատմաբան-գիտնականներ համագործակցում էին թուրք պատմաբանների հետ ու գիտական հիմք ծառայող մի շարք ուսումնասիրություններում հանվում էին հայկականություն մատնանշող անվանումներ (օր.՝ Արևմտան Հայաստանը փոխարինվում Անատոլիայով, Արևելյան Հայաստանը՝ Կովկասով և այլն), երբ մեր «հարևաններին« չնեղացնելու համար առաջարկում էին դասագրքերում չներառել Ապրիլյան քառօրյայի մասին նյութը, (մեր հարևաները կարող է նեղվեն), երբ առաջարկվում էր հայոց պետականության տարիքը կրճատել՝ դրանով ինքնըստինքյան մերժելով Ուրարտուի հայկականությունը, Ք. ա 15-13-րդ դարերում հիշատակվող Հայասան, կամ Ք․ա․ 24-23-րդ դարերի Արմանին՝ Արմենիայի հետ ունեցած ուղիղ կապը… Գաղափարներ, որոնց մուտքի ու տարածման համար ֆինանսներ չի խնայել պրոթուրքական-ադրբեջանական քարոզչությունը՝ ամենատարբեր բաց ու փակ հասարակությունների ու զանազան հումանիստական անվանումներով կազմակերպությունների ձեռամբ… Շարքը, ցավոք, վերը նշածով չի ավարտվում: Փառք Աստծո, համազգային ընդվզման ու աղմուկի հետևանքով շատ բան սահուն և աննշմար շտկվեց, ժխտելով, թե եղել էր ի սկզբանե, բայց մեր փոքրիկ երկրում հեշտ չէ թաքցնել արվածը, իսկ ըստ ժողովրդական ասացվածքի՝ անբարոյի օրերն էլ ճշգրիտ հաշվարկված են… Այդպես եղել է նաև 17-19-րդ դարերում, երբ եվրոպական միսիոներները գալիս էին անկախ պետություն չունեցող Հայաստան և, նյութական միջոցների ներդրմամբ, զբաղվում հոգեորսությամբ:
Դու՛, իմ մոլորյա՛լ «նոր հայ», գիտակցված, թե ոչ գիտակցված, գուցեև՝ քրիստոնեաբար, վստահել ու չես հասկացել՝ ինչ վտանգներով է դա հղի, ինչ հեռահար նպատակներ ունի և ովքեր են բուն պատվիրատուները:


Թշնամուն չի կարելի թերագնահատել: Նա տեսավ, որ կռվի դաշտում չի հաջողվում հային հաղթել, անցավ այլ մեթոդի՝ կոտրել հայի ոգին, դարձնել նրան ոչ թե հայ երիտասարդ, այլ ամորֆ աշխարհաքաղաքացի, ում համար միևնույն կլինի՝ իր պապերի հողն է, թե ասենք՝ մեհմեդ մուսթաֆա ալիինը… Ահա թե ինչու պիտի կասեցվեր հայրենասիրական դաստիարակությունը, ահա թե ինչու պիտի կրճատվեին հայ ժող. պատմության դասաժամերը, հանվեր հայ առաքելական եկեղեցու պատմությունը, պիտի բուհերից հանվեին հայոց լեզվի դասաժամերը, ահա թե ինչու պիտի կասեցվեին բոլոր հայագիտական ծրագրերի ֆինանսավորումները, ահա թե ինչու հայրենասիրական ոգու կրողները պիտի պիտակվեին որպես «ռազմահայրենասիրական շիզոֆրենիկներ» ու ծաղրվեին նոր, «առաջադեմ» հայի կողմից… Ու հենց այստեղ իր հաշիվներում սխալվեց թուրքը. հայը չի լինում հին ու նոր: Հայը չի լինում նախկին ու ներկա: Հայը չի լինում սև ու սպիտակ: Դա կարող է լինել քաղաքական անցողիկ կարգախոս. երեկ՝ ուրիշ, այսօր՝ այլ, վաղը կարող է միանգամայն այլ կարգախոսի վերածվել: Իսկ հայը լինելու է այսօր ու վաղը՝ անկախ քաղաքական ջրբաժաններից, որը, ցավոք, հային միայն հեռացնում է հայից: Այսօր ես հիանում եմ քեզնով, հա՛յ երիտասարդ: Եթե մտածել եմ, թե այսօրվա երիտասարդը այլ արժեքների կրող է ու այլևս կամավոր չի գնա հայրենի հողը պաշտպանելու, երիցս սխալվել եմ, ների՛ր: Դու ցույց տվեցիր, որ ավելի լավն ես, որովհետև հայրենիքը կուսակցական սիրով չես սիրում, այլ քո ոգու ու արյան կանչով, որովհետև այդպես արել են քո պապերը, նախապապերը… Երբ վտանգի տակ է ընտանիքդ ու հողդ հայրենի, դու առանց քննարկման, բացում ես տանդ դուռն ու գնում ոսոխին ընդառաջ… Ու ես չեմ դադարում զարմանալ ու հիանալ քո հավատարմությամբ՝ գենետիկ կոդիդ, գենետիկ հիշողությանդ… Ավելին. մտածում եմ, որ հայրենիքի հանդեպ նվիրվածությունն ու մարտիկ լինելու պատրաստակամությունը (ընդ որում՝ ոչ միայն ճակատում), հայկական գեն կրելու ճշգրիտ չափորոշիչն է ու անսխալ թեսթը:


Այսօր բոլորս նույն ցավակիրներն ենք, բոլորիս աչքերը հպարտության ու անհատակ ցավի արցունքի գետեր են դարձել… Բոլորս նույն եռագույն շապիկն ենք կրում ու ջանում ինչ-որ կերպ օգտակար լինել մեր լույս տղաներին: Բոլորս աղոթում ենք մեր երիտասարդ զինվորների համար ու ջանում պատվար ստեղծել ընդդեմ ոսոխի գնդակի: Կորուստների ցավից կքվում է մեջքս, բայց հետո իսկույն ուղղվում, որովհետև իրավունք չունենք կոտրվելու, մենք պիտի՛ մեր ոգու ու աղոթքի ուժը մեր հերոս տղաներին ուղղենք, որովհետև այդ զորությունն է, որ շատ հաճախ վերածվել է նրանց գլխավերևում չպայթած արկերի... Մենք նախկինների ու ներկաների երկիր չենք։ Մենք հաղթողների երկիր ենք։ Մենք սև ու սպիտակի երկիր չենք, մենք եռագույնի երկիր ենք: Չկա նախկին ու ներկա։ Կա Հայաստան՝ իր ժողովրդով: Ու այսօր բոլորն են մարտիկներ՝ ռազմի դաշտում ու թիկունքում: Վերջապես ժամանակն է գիտակցել, թե ում հարմար է ազգամիջյան երկպառակության խորացումը, ով նպաստում է ատելության անդունդի խորացմանը, հենց նա է հայի թշնամին, թշնամուն այնտե՛ղ պետք է փնտրել: Պարտվողը իշխանություններն են, պարտվողը բանակցություննրն են, որոնք մտածված, թե անմտորեն, դեպի փակուղի տարան, բայց ո՛չ երբեք հայ զինվորը, որը ոգեղենության ու քաջության կրողն է միշտ: Իշխանությունները ժամանակավոր ու անցողիկ են, մնայունը հայկականությունն է ու ազգային ոգին կրողը. հենց նա է դարերի խորքից եկել-հասել մեր օրեր: Թույլ չտա՛նք ոչնչացնել նրան, թույլ չտանք ազգը դարձնեն զանգված…


Ես բռնում եմ իմ եղբայրների ու քույրերի ձեռքը, ամուր եմ բռնում: Բաց չթողնե՛ք միմյանց ձեռքերը, խնդրում եմ ու պահանջում, որովհետև մեր միասնությունն է հաղթանակի գրավականը, մեր հավաքական միասնությունն է թշնամու սարսափը: Երազում եմ, որ այս կուռ միասնությունը, որ ձևավորվեց պատերազմի առաջին օրերից, շարունակական լինի այսօր, վաղը, որովհետև անելիք դեռ շատ կա առջևում: Անելիքը դեռ առջևում է: Աստված պահապան մեր ժողովրդին ու հայրենիքին:


Արմենուհի ՍԻՍՅԱՆ
Արձակագիր, բանաստեղծ

Դիտվել է՝ 17769

Մեկնաբանություններ